211652_close_icon
views-count824 դիտում article-date 15:06 28-08-2014

Կառավարությունն առաջնություն է տալիս կենսական նշանակություն ունեցող ներդրումներին

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով: «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղն իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման աշխատանքները: Այս ընկերության ենթակապալառու կազմակերպությունն է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ-ն, որը կատարում է պահանջվող չափանիշներին համապատասխան շինաշխատանք և այդ նպատակով ներմուծել է սարքավորումներ. դրանց մաքսային ռեժիմը երկարաձգվել է երեք տարով: Հաշվի առնելով Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի կարևորությունը, կառավարությունը Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքների ֆինանսական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Հողատարածքների ընտրությունն իրականացվել է ըստ սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի, բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ: Գործադիրը հավանություն է տվել Լոռու մարզի Դարպասի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 4.5 մլն դրամը հեղեղատարի կառուցմանն ուղղելու ծրագրին: Արմավիր քաղաքի պահածոյի գործարանի նախկին վարչական շենքը բնակելիի վերակառուցելու շինաշխատանքների ավարտից հետո պետական գրանցումը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 2.7 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր