211652_close_icon
views-count1451 դիտում article-date 10:15 28-08-2014

Հայաստանի քաղաքական կյանքը` «մեռած վիճակում». «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է, որ չնայած ամառն օրացուցային առումով մոտենում է ավարտին, սակայն քաղաքական կյանքում դեռևս, մեղմ ասած, աշխուժություն չի նկատվում. «Չի նկատվում անգամ աշխուժության, առավել ևս` թեժացման միտում: «Մեռած վիճակ». սա քաղաքական կյանքի վերաբերյալ ցանկացած քննարկման, զրույցի հիմնական եզրահանգումն է: Այն դեպքում, երբ Հայաստանում առկա տասնյակ, մի քանի տասնյակ ներքին խնդիրներն ու արտաքին մարտահրավերները քաղաքական ուժերի համար պետք է 24 ժամյա զբաղմունք լինեին: Բայց չեն: Որովհետև մի կողմից` քաղաքական ուժերն ուժեր չեն, կամ եթե անգամ ե՛ն, ապա` ոչ քաղաքական: Որովհետև Հայաստանում կա իշխանություն, որը ամեն գնով ցանկանում է ապագայում էլ պահպանել իշխանությունը, և կա ոչ իշխանություն, որն ամեն գնով ցանկանում է տեղ ունենալ այսօրվա իշխանության կողմից ապագայում պահպանվելիք իշխանության կառուցվածքում: Հայաստանի քաղաքական դաշտի վակուումը` ի թիվս բազմաթիվ պատճառների, պայմանավորված է նաև նրանով, որ իշխանության դեմ պայքարող ուժերն իրականում իշխանափոխության հարցը հանել են իրենց օրակարգից` միաժամանակ հասարակությանը շարունակելով ներկայացնել, թե ամեն ինչ անում են օր առաջ իշխանությունից ազատվելու համար: Այսինքն` իրականում իշխանափոխության հարցը դադարել է լինել ներքաղաքական օրակարգի մաս և մնացել է ընդամենը` որպես քարոզչական կլիշե: Թեև անգամ այդպիսին լինելով` այն ժամանակ առ ժամանակ խանգարում է ոչ իշխանական ուժերին»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր