211652_close_icon
views-count1008 դիտում article-date 18:05 27-08-2014

Լույս է տեսել «Ագրոմշակույթ» գիտահանրամատչելի պարբերականի առաջին համարը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ագրոմշակույթ» պարբերականի շնորհանդեսը: Այս գյուղատնտեսական պարբերականը, որն առաջինն է հանրապետությունում անկախացումից հետո, ստեղծվել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Հանդեսը նախատեսված է գյուղատնտեսների, վերամշակողների, գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետաքրքված են այս բնագավառին առնչվող խնդիրներով: Պարբերականի հոդվածները նվիրված են ոլորտում առկա նորարարական մոտեցումներին, ժամանակակից տեխնոլոգիաներին, վերջին իրադարձություններին ու զարգացման հեռանկարներին: Հանդեսը կպատմի Հայաստանի և արտերկրյա առաջադեմ ֆերմերների մասին, ովքեր նոր տեսլական են ներկայացնում գյուղատնտեսության ոլորտում և իրենց գործունեությամբ կարող են օրինակ ծառայել այլ ֆերմերների համար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում նշել է, որ ամսագիրը կհետաքրքրի բոլոր ֆերմերներին և պահանջված կլինի բոլորի կողմից: Բացի այդ, այն կդառնա նաև ոլորտով զբաղվող անձանց համար թարմ լրատվության աղբյուր: «Այս պարբերականին ցանկանում եմ բարի երթ և մեծ գործունեություն: Մեր աջակցությունը մշտապես լինելու է այդ կառույցին», - ասել է նախարարը: Իր հերթին դեսպան Ջոն Հեֆերնը ընդգծել է գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի տնտեսության համար։ «Այդ պատճառով մեր ուշադրության կենտրոնում ևս գտնվում են հենց այդ ուղղությունները: Մենք ողջունում ենք նման պարբերականի լույս ընծայումը», - նշել է նա: Խմբագիր Եվա Շահվերդյանը, խոսելով ամսագրի նպատակների մասին, շեշտել է, որ նոր հանդեսի հաջորդ համարներում խմբագրությունը կընդլայնի հոդվածների շրջանակը և հույս է հայտնել, որ պարբերականում հրապարակվող նյութերը հայ գյուղատնտեսների համար նոր մտքերի ու ծրագրերի աղբյուր կդառնան: Ամսագրի հիմնադիր և հրատարակիչը CARD հիմնադրամն է, աջակիցը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Հանդեսը լույս է տեսնելու եռամսյակը մեկ և ունենալու է էլկտրոնային տարբերակ: Այն տարածվելու է անվճար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր