211652_close_icon
views-count6410 դիտում article-date 19:06 21-07-2014

Ստեփանակերտի բժշկական կենտրոնը չի զիջում Երևանյան շատ էլիտար հիվանդանոցների, ու դա է պատճառը, որ շատ երևանցիներ իրենց բուժումը վստահում են այնտեղի բժիշկներին

«Ես տոհմիկ Մշեցի եմ. լսել էի Արցախի մայրաքաղաք Ստեփականակերտում նորաստեղծ բժշկական կենտրոնի մասին: Լսելը մի բան է, աչքով տեսնելը մեկ այլ բան: Հիմա վստահ կարող եմ ասել, որ կյանքս կվստահեմ կենտրոնի բուժանձնակազմին»: Այսօր՝ հուլիսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ հեռախոսազրույցում, այս պատասխանը հնչեց մասնագիտությամբ գյուղատնտես Համլետ Սարգսյանից: Վիրահատված Հ. Սարգսյանը հիվանդասենյակից հեռախոսազրույցում աում էր, որ արդեն «ոտքի վրա է»: « Այո, ես ուզում էի տեսնել ծանր ու բախտորոշ պատերազմից պատվով ելած արցախցիների համար կառուցված բժշկական համալիրը եւ որոշել արժե վիրահատվել այստեղ, կյանքս վստահել նրանց… Ապրել-աշխատել եմ նաեւ Մոսկվայում օկրուգներից մեկի գյուղատնտես, այնպես, որ գեղեցիկ կամ պատկառելի շինություններով զարմացողը չեմ, բայց այն, ինչ տեսա այստեղ վեր է իմ պատկերացրածից: Սիրտս փառավորվեց այն մտքից, որ հայ տղաների արյամբ ու հերոսական կամքով հայությանը վերադարձված Արցախ կոչվող եզերքում առկա է նման հրաշք: Բայց գլխավոր հրաշքը, սա պիտի շեշտեմ, իրենք արցախցիներն են… Այս հիվանդանոցի բժիշկներն են եւ բուժքույրերը, սպասարկող ամբողջ անձնակազմը: Հարազատի՝ նրանց վերաբերմունքն իմ նկատմամբ: Մինչեւ հոգուս խորքը ցնցված եմ տեսածից ու զգացածից: Սկսած այն րոպեից, երբ ներկայացա ՀԲԿ ղեկավար պարոն Բազիյանին, մինչեւ Ձեզ հետ խոսելուս պահը միայն անկեղծ կարեկցություն եւ օգնելու պատրաստակամություն եմ տեսել բոլորից: Էլ չեմ ասում ինձ բուժող բժիշկ Միրզոյանի, անեսթեզիոլոգ Օհանջանյանի եւ, իհարկե, պրոֆեսոր Մանուկյանի մասին, որը ճանաչված, անուն հանած մասնագետ է ոչ միայն Երեւանում. նրան գիտեն արտասահմանում էլ: Ես պարտական կմնամ նրանց՝ ինձ նորից բնականոն կյանքի վերադարձնելու համար: Բարդացած շագանակագեղձի վիրահատություն են կատարել իմ մոտ: Ախր ինչպես կարող ես մոռանալ այն անեսթեզիոլոգին, որը քեզ վիրահատության պատրաստելով , պատկերացնում եք, հաճելի մեղեդի է… շվշվացնում: Իբր ինչ է եղել որ. վիրահատություն է, կանեն-կպրծնեն էլի: Բայց դա ինձնից սրբեց տարավ վիրահատվողին բնորոշ վախը: Ի՞նչ ասեմ, եթե Աստված չանի, երբեւէ, որեւէ հարազատիս էլ բժշկական լուրջ միջամտության կարիք լինի , առավել եւս վիրահատության, էլի այստեղ եմ բերելու… Ես շատ սիրեցի մեր պատմական հայրենիքի այս կանաչաշատ ու չքնաղագեղ աշխարհն էլ, նրա ազնիվ, բարեսիրտ եւ, որքան հասցրի ընկալել կարճ ժամանակամիջոցում, ուղղամիտ մարդկանց էլ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր